decore
decore
21/9/2022

Արամ Մանուկյան․ «Փոքր ազգերի համար լեզուն ինքնապաշտպանության միջոց է»

Այսօր ՀՀ անկախության 31-րդ տարեդարձն է։

Պետական լեզվի և դրա դերի մասին ենք խոսել 1991 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանի հետ, որը նաև Գերագույն խորհրդում ընթերցել է անկախության հռչակագիրը։


- Պարո´ն Մանուկյան, ի՞նչ ազդեցություն է ունեցել հայոց լեզուն անկախ Հայաստանի ձևավորման վրա:


- Լեզուն մեծ նշանակություն ունի փոքր ազգերի համար, առավել նշանակություն, քան մեծ երկրների համար, որովհետև մեծ երկրները հարուստ են, տարածքով մեծ են, կայացած են, և նրանց համար լեզուն ինչ-որ բան ավելացնում է, բայց այն արժեքը չունի, ինչ մեզ նման փոքր ազգերի համար։ Օրինակ` անգլախոս երկրների քանակը աշխարհում 54-ն է։ Այսինքն` 54 երկրները պետական, պաշտոնական լեզու են համարում անգլերենը, բայց նրանք ունեն իրենց ինքնությունը, իրենք իրենց կարող են թույլ տալ առանց սեփական լեզու ունենալու էլ լինել հզոր։ Զելանդիան, Կանադան, Ավստրալիան էլի հզոր են` անկախ այն ամենից` իրենք ունեն սեփական լեզու, թե ոչ։ Ֆրանսախոս երկրների թիվը 30-ն է, այսինքն` աշխարհի 30 երկրները` Աֆրիկայից մինչև Կանադա, խոսում են ֆրանսերենով։


Երրորդ տեղում իսպանախոս երկրներն են. 21 երկրները խոսում են այդ լեզվով և կրկին պետականության կորուստ չկա, բայց նշածս այս երկրները, կրկնում եմ, հզոր երկրներ են և փաստացի կազմում են ՄԱԿ-ում գրանցված երկրների կեսից ավելին։

Փոքր ազգերի, փոքր երկրների համար լեզուն ինքնապաշտպանության միջոց է, լեզուն ինքնության ցուցիչ է և ինքնապահպանության բնազդը փոքր ազգերի մոտ հաճախ կայանում է հենց լեզվի միջոցով։


Լեզու, կրոն, մշակույթ. սրանք են գործիքները, որոնք փոքր ազգերը պարտավոր են պահպանել որպես արժեք, որպես պետականության և անկախության գործիք:

Մեր ժողովրդի պատմության, կայացման, գոյապահպանության համար իր ուրույն, կարևորագույն տեղն ունեցել է լեզուն, և այդ արժեքի գիտակցումը մոտավորապես նույնն է, ինչ անկախության և պետականության արժեքը գիտակցելը։

Այդ արժեքի կրողներն էին 88-ի շարժման սերունդը, Ղարաբաղ կոմիտեն։

Ուզում եմ պարտադիր նշել, որ 88-ի շարժման կարևոր բաղադրիչներից մեկը լեզուն էր։

Չմոռանանք, որ շարժումը սկսվեց ոչ թե անկախության թեզով, այդ ժամանակ 88-ին հրապարակում կային շուրջ 20 ոլորտի վերաբերող լոզունգներ` կրթությանը, ցեղասպանությանը, բնապահպանությանը վերաբերող և դրանց մեջ կարևորներից մեկը լեզվի պահպանության հարցն էր։


Այսինքն` անկախության և Ղարաբաղի ազատագրական շարժման մեջ գլխավոր բաղադրիչ էր լեզվի պահպանության խնդիրը, որովհետև Ղարաբաղ կոմիտեն գիտակցում էր լեզվի կարևորությունը, անհրաժեշտությունը պետականության կառուցման, ազգերի գոյապահպանության և անկախություն ձեռք բերելու խնդրում։


Ուզում եմ նաև նշել երկու անուն, ովքեր այդ առումով նվիրյալներ էին` Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան. երկուսն էլ` մաքրամաքուր հայերեն խոսող, երկուսն էլ` գրականության մարդ, երկուսն էլ` մշակութային և հոգևոր արժեքներ կարևորող մարդիկ։

Նրանց առաջնորդությամբ էր նաև պայմանավորված մեր անկախության տարիներին լեզվին վերաբերող օրենքների ստեղծումը, ժողովրդին այդ հոգով դաստիարակելը, և արտահայտվում էր դա փաստերով ու փաստաթղթերով։


Ես ուզում եմ մեջ բերել մեր անկախության հռչակագրի՝ մեր երկրի ծննդականի 10-րդ կետը, որը ասում է՝ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

Սա հեղափոխություն էր. մեր հազարամյա պատմության մեջ չի եղել փաստաթուղթ, որը այսպես հստակ առաջնահերթություն ձևակերպեր։ Հռչակագրի այս կետը մնացած 12-ի հետ համատեղ դարձավ մեր պետականության ստեղծման հիմքը, արժանապատվության դրսևորումը։


Հետագայում` մինչև 1995 թվականը, այս կետերը թղթից վերածվեցին գործի, և 10-րդ կետի առաջնորդությամբ Գերագույն խորհուրդը լծվեց լեզվի օրենքի ստեղծման աշխատանքներին:


Ինձ համար պատիվ է, որ ես աշխատել եմ Կրթության, գիտության, մշակույթի և լեզվի հանձնաժողովում և 3 տարվա ընթացքում դժվարագույն աշխատանքային պայմաններում չունեինք նախադեպ, ոչինչ միանշանակ չէր ընդունվում, վեճերը շատ էին այդ օրենքի ընդունման հետ կապված, և 3 տարի աշխատելուց հետո մենք ունեցանք ինձ համար հպարտություն` Հայաստանի Հանրապետության լեզվի օրենքը։

Մեր ինքնության, մեր մշակութային ինքնությունը հավաստող փաստաթղթի ծնունդն էր դա 1993 թվականի մարտին։ Հպարտ եմ, որ բաժին ունեմ այդ օրենքի ստեղծման մեջ։ Նույն ոգևորությամբ ուզում եմ նշել այն մարդկանց անունները, որոնք կերտեցին այս օրենքը՝ Ռաֆայել Իշխանյան, Ռաֆայել Ղազարյան, Ռաֆիկ Աբգարյան, Վալերի Միրզոյան, Հրանտ Մաթևոսյան և այլ պատգամավորներ, գրական, մշակութային աշխարհի ներկայացուցիչներ։


Այդ դասը, ինչ որ մենք տեսել էինք, սովորել մեծերից, կիրառել եմ ամբողջ ընթացքում։ Հաճելի հուշ է ինձ համար. հաճախ եմ պատմում դա, որ շաբաթը մեկ անգամ Գերագույն խորհրդի հայտարարությունների ժամին ամբիոն էր բարձրանում Ռաֆայել Իշխանյանը, և բոլորս կատակով ասում էինք՝ սկսվեց հայոց լեզվի դասը։

Ռաֆայել Իշխանյանը խոսում էր մեր լեզվի անաղարտության մասին, պաշտոնյաներին հորդորում էր խոսել գրագետ։ Այդ ձևակերպումը մտավ օրենքի մեջ, որ պաշտոնյաները պարտավոր են խոսել գրագետ հայերենով։


Մենք ընդունեցինք այդ օրենքը, որը, իսկապես, անքննելիորեն համարվում է պետության սյուներից մեկը:

Փառք և պատիվ բոլոր նրանց, ովքեր զգացին դրա կարևորությունը, կռիվ տվեցին դրա համար, և մենք ունեցանք լեզվի օրենք, որը հաճախ չի կատարվում, հաճախ չի իրագործվում, բայց կապ չունի՝ այն սահմանադրական, հիմարար օրենք է, և դրա պահպանությունը համարյա հավասարաչափ է պետականության պահպանմանը։


Իզուր չէ, որ Վանո Սիրադեղյանը հետո լեզվի նկատմամբ ոտնձգություն անողներին համարում էր կովեր, որոնք մտնում են հայոց լեզվի սուրբ տաճարը։ Այդպիսի նվիրվածություն կար լեզվի պահպանման հարցում։

Մի կետի մասին եմ ուզում նշել, որը Սփյուռքին էլ շատ կհետաքրքրի: Օրենքում ունենք չերևացող մի այսպիսի հոդված՝ Հայաստանը նպաստում է գրական հայերենի կանոնարկմանը, ուղղագրությունների միասնականցմանը. սրա տակ շատ լուրջ քաղաքական խնդիր կար։ Մեր իշխանությունները, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը ջանք չէինք խնայում` միասնականացնելու պառակտված երկու կաթողիկոսությունները և Սփյուռքը Հայաստանին կապող միջոց լեզուն։


Օրենքը ասում էր, որ երկու ուղղագրությունները պետք է միասնականացվեն բնական ճանապարհով` ո՛չ ռեֆորմների, ո՛չ բռնի մեթոդներով, ո՛չ պարտադրանքով, այլ` շփումների, գրագետ կազմակերպված աշխատանքի միջոցով։ Եթե մենք կարողանայինք իրագործել այս օրենքը, այն կլիներ լրջագույն կամուրջ Սփյուռքում ապրող մոտ 10 միլիոն և Հայաստանում ապրող 2-3 միլիոն հայերի միջև։ Ցավոք սրտի, այն ուժերը, որոնք ժամանակին նպաստել էին եկեղեցիների տարանջատմանը և լեզվի տարանջատմանը, ավելի ուժեղ գտնվեցին, և այդ խնդիրը մինչև հիմա առկախված է։ Դա պատմական խնդիր է, որը երբևէ պետք է լուծվի։ Դա և´ հոգեբանական, և´ անգամ տեխնիկական հենք ունի, օրինակ` Սփյուռքի գրականությունը հայաստանաբնակների համար հասկանալի, մատչելի, հասանելի լինի և հակառակը։

Ի՞նչ դեր պետք է ունենա այս օրենքը Սփյուռքի պահպանության հարցում. միանշանակ դրական, անհրաժեշտ։ Հենց օրենքում է գրված, որ Հայաստանի Հանրապետությունը նպաստում է Սփյուռքում հայերենի տարածմանը և զարգացմանը։ Սրանք միայն հռչակագրային տեքստեր չեն. սրանց տակ թաքնված են քաղաքական լուրջ նպատակներ, պետության և պետականության միասնականացման, հզորացման նպատակով։


Ցավալիորեն պետք է նշել, որ Սփյուռքի միջավայրը որքանով որ պայքարում է, այնուամենայնիվ ժամանակը ավելի ուժեղ է, և գլոբալիզացիան, թափ հավաքող տեխնոլոգիաները խեղճացնում են փոքր ազգերին, տվյալ դեպքում` Սփյուռքում ապրող մեր փոքրամասնության՝ լեզուն գործածելու հնարավորությունները։


Տարօրինակ է, բայց մեր լեզուն միշտ ավելի շատ պահպանվել է այն համայնքներում, որտեղ ժողովրդավարությունը և նոր տեխնոլոգիաները եղել են թույլ. արևելքի երկրներում` Սիրիա, Պարսկաստան, Լիբանան, Եգիպտոս։ Մեր համայնքները ավելի շատ են կարողացել հայ մնալ, պահպանել մշակույթն ու եկեղեցին, քան զարգացող երկրներում, ինչպիսիք են` Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Բելգիան և անգամ Ռուսաստանը։ Այս համայնքներում շատ քիչ են այն օջախները, որոնք պետք է այս գործով զբաղվեն։ Դրանք հայկական դպրոցներն են, հայկական տպագրություններն են, հայկական կազմակերպությունները։


Ուզենք, թե չուզենք, մի քանի սերունդ անցնում է, և լեզուն կանգնում է վտանգի առաջ, որը միայն լեզվի կորուստ չէ, որը ինքնության և Հայաստանին կապվելու կորուստ է։


 Այստեղ ուզում եմ մեջ բերել Իսահակյանի խոսքը. «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում: Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն»:


Մեր բոլոր մեծերը զգացել են լեզվի կարևորությունը, անհրաժեշտությունը նշածս խնդրի համար և համարյա առանց բացառության արտահայտել են իրենց միտքը։ Չկա հայ մեծ գրող, հայ մեծ գիտնական, որ անդրադարձած չլինի այս թեմային։ Իմ սիրելի մեծ հայը` Հովհաննես Թումանյանը, գրել է. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:

Այսպես էր Թումանյանը վերաբերում մեր լեզվին, իսկ ինձ համար, մեկնաբանելով Համո Սահյանի` այս թեմայով խոսքերը, վերաձևակերպելով կասեմ. «Այս աշխարհում ի՞նչն է ավելի շատ մերը, եթե ոչ հայերենը։ Չկա՛, չե՛ք գտնի ինչ-որ բան, որը ավելի շատ մերն է, քան ուրիշներինը։ Դա հայոց լեզուն է։ Ընդ որում սա այնպիսի սեփականություն է, դա քո հոգեղեն էությունն է, քո սրտի տրոփյունն է, քո մարմնի արյունն է, դա քեզանից չեն կարող գողանալ։ Դու ինչքան կաս, այդքան այդ արժեքը կա։ Սա՛ է կարևորությունը»։


Իմ ասածների մեջ ամենևին չկար գերագնահատում, պաթոս չկար։ Ես այս հարցին վերաբերում եմ որպես պետականության գործիքի, և չգիտեմ` պատահականությա՞ն, թե՞ նախախնամության բանն էր, որ այսօր Անկախության օրվա առիթով ես այս թեմայով հարցազրույց եմ տալիս, ընդ որում ասեմ, որ բոլոր հեռուստաալիքների, կայքերի առաջարկները` այսօրվա հարցազրուց տալու, մերժել եմ` ելնելով այսօրվա իրավիճակից, բայց այս թեմայով խոսելու առաջարկը չէի կարող մերժել և հաճույքով խոսեցի։ Ես նաև իմ խոսքն եմ ուզում հղել Սփյուռքի մեր հայրենակիցներին և հայաստանաբնակներին՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ պետք է խնայել, նրան պետք է գուրգուրել, ուժեղացնել, որովհետև, եթե էլի պատմական և քաղաքական տեսանկյունից նայեմ աշխարհին, պատմությունը տվել է մոտ 4000 էթնիկ լեզվական խմբեր, ազգեր, ցեղեր, բայց նրանցից ընդամենը 200-ն են կարողացել պետականություն ստեղծել։ Այսինքն` այդ ազգերը ջրի նման լցվել են ավազի մեջ, քայքայվել են, կոտորվել են, չեն դիմացել մրցակցությանը, հիասթափվել են, և բախտը, նախախնամությունը, ուժն ու պատեհությունը տրվում են այն ազգերին, որոնք պահպանում են այդ ինքնության արմատը՝ լեզուն, և ափ են հասնում։ Պետք է դաս լինի բոլորիս համար, որ դա հավերժ տրված արժեք չէ, դա պահպանելու կարիք ունի, դա երեխայի կարգավիճակ է, անընդհատ պետք է սնես, ուժեղացնես, թե չէ հաստատ քեզ կուլ տվողների բանակ կա, քեզ ոչնչացնողների բանակ կա, և որպես պայքարի միջոց, գործիք այդ ամենի դեմ պետք է պահպանել լեզուն, պահպանել սրբության պես, քանի որ այն է մեր մտքերի, երազների, հոգեվիճակի, իղձերի արտահայտողը։

decore
Other Blog
04/7/2023
The Armenian Language: protector of national identity
Read more
22/2/2023
It's not an ERROR
Read more
23/8/2022
It's not an ERROR
Read more
23/8/2022
A KING WITH AN IRON WILL
Read more