decore
decore
23.8.2022

ԵՐԿԱԹՅԱ ԿԱՄՔՈՎ ԱՐՔԱՆ

Հին ժամանակներում ընդունված է եղել թագավորներին տալ մականուններ, որոնք կապված են եղել լեգենդների,առասպելների, հաղթանակների հետ կամ պարզապես եղել են արքային նկարագրող բնութագրեր:

Հայ արքաները նույնպես ունեցել են այդպիսի մականուններ:


Հրապարակումների այս շարքով որոշել ենք ձեզ պատմել, թե որ հայ արքան ինչ մականուն է ունեցել և ինչով է այն պայմանավորված եղել:


Առաջին արքան, ում մասին կպատմենք, Աշոտ Բ Բագրատունին է, որը մեզ հայտնի է որպես Աշոտ Երկաթ: Արքան կառավարել է 914-928 թվականներին:

      

Սմբատ Ա Բագրատունին (890-914) բարդ և փորձություններով լի գահակալություն է ունեցել: Նա պայքարում էր արաբական տիրակալության դեմ. եղերական մահ է ունեցել: Արաբները խաբեությամբ Սմբատ Ա-ին տանջամահ են արել, գլխատել Դվինում:


Հայոց արքայի թագաժառանգը Աշոտ Բ-ն էր, և թվում էր, թե այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը կվհատվի և անձնատուր կլինի թշնամու ողորմածությանը, սակայն հոր սպանությունից հետո, երբ դրված էր հայոց թագավորության լինել-չլինելու հարցը, ֆիզիկական ուժի ու քաջության շնորհիվ «Երկաթ» կոչված երիտասարդ արքայազնն իր երկաթե կամքի ու քաջության շնորհիվ սուր ճոճեց թշնամու դեմ և հաղթեց:


Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչը նկարագրում էր երկիրը՝ պատված սարսափելի քաոսով. սով էր տիրում: Այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը պետք է համախմբեր երկրի պառակտված ուժերը, թշնամուն դուրս վտարեր Հայաստանից, միավորեր երկիրը, ճնշեր անհնազանդ իշխաններին, ժողովրդին դուրս բերեր ծանր վիճակից:

 

Հայոց երկրի ուժերը թուլացնելու նպատակով թշնամի արաբները Հայաստանի թագավոր հռչակեցին Աշոտ արքայի հորեղբորորդուն՝ Աշոտ սպարապետին։ Աշոտ Երկաթը կարողացավ հնազանդեցնել նրան։ Շուտով հայ իշխանները հասկացան, որ երկիրը հզոր է միասնության դեպքում, և միավորվեցին Աշոտ Երկաթ արքայի շուրջ։


Աշոտ Երկաթն, ի վերջո, հասավ իր նպատակին՝ հռչակվելով որպես շահնշահ կամ թագավորների թագավոր։ Սրանով արքան գերապատվություն ստացավ մյուս բոլոր թագավորներից։


921 թ. Սևանի մոտ տեղի ունեցավ բեկումնային ճակատամարտ հայերի և արաբների միջև։ Աշոտ Երկաթը նավակներում տեղավորեց յոթանասուն ռազմիկի և մի մառախլապատ օր, անակնկալի բերելով արաբներին, սկսեց նետահարել նրանց, փոքրաթիվ ուժերով ջախջախեց թշնամուն, որը ծանր կորուստներով փախուստի դիմեց:


Միավորվելով հայոց արքայի հետ` հայոց իշխաններն ու հայ զինուժը կարճ ժամանակահատվածում Հայաստանը մաքրեցին թշնամիներից:


«Այս Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդ արիության Երկաթ անվանվեց՝ արիության բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։


Աշոտ Երկաթը մի սովորություն ուներ` ռազմական գործողությունների ժամանակ իր առջևից տարվում էր երկաթե խաչ, որը պահպանվել է մինչ օրս։ Այն պահվում է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում: Ի դեպ, այդ խաչի մեջ ամփոփված է եղել Քրիստոսի խաչափայտի մասունքը:

decore
Այլ Բլոգ
19.2.2026
ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ
Իմանալ ավելին
13.2.2026
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ
Իմանալ ավելին
13.2.2026
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
Իմանալ ավելին
09.2.2026
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐ
Իմանալ ավելին