decore
decore
23.8.2022

Նամակ. «Ես միշտ քեզ հետ եմ և քո հայ էության պահապանն եմ ու երաշխավորը»

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»


Այս տողերը գիտի յուրաքանչյուր հայ, և այն երևի թե հնչում է այնքան սովորական, ինչպես հայերեն մեկ այլ նախադասություն:

Հիմա ձեզ ուզում եմ պատմել, թե ինչ հույզեր և պատմություն է թաքնված այս նախադասության ներքո:

Սա եղել է շա՜տ վաղուց, այս ժամանակ իմ տառերը նորածին էին…


Հա՜, մոռացա ներկայանալ. ես ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ եմ` Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն: Սիրում եմ նշել պաշտոնականի հատվածը. գեղեցիկ է հնչում, չէ՞:


Գուցե մի քիչ զգացմունքային թվամ. կներեք ինձ, տարիքիցս է: Ի տարբերություն իմ տառերի` ես շատ ավելի մեծ եմ:


Հիմա վերադառնանք թեմային. վերևի նախադասության պատմությունը վերաբերում է հենց իմ տառերի ծնունդին: Դա տեղի է ունեցել 405 թվականին: Այդ ժամանակ Հայաստանի թագավորը և կաթողիկոսը որոշեցին, որ ես պետք է տառեր ունենամ, և այս կարևոր գործը վստահեցին մի շատ խելացի մարդու՝ Մեսրոպ Մաշտոցին: Մաշտոցը ստեղծեց իմ տառերը, և հենց դրանից հետո էլ ինձնով թարգմանվեց Աստվածաշունչը. այն առաջին հայերեն գիրքն էր: Այս մասին պատմելիս հիմա էլ հուզվում եմ և վերապրում զգացումներս. դա ինձ համար շատ մեծ պատիվ էր:


Տարիներ անց իտալացի նկարիչ  մի նկար նկարեց, որտեղ Մաշտոցին մի հրեշտակ էր օգնում` ստեղծելու տառերը: Շա՜տ եմ սիրում այդ նկարը, և, եթե անկեղծ լինեմ, նաև հավատում եմ, որ իմ մեջ ինչ-որ գերբնական բան կա (ներեցե՛ք անհամեստության համար):


Այժմ իմ տառերը արդեն 1617 տարեկան են, բայց ամեն անգամ և՛ նա, և՛ ես վերածնվում ենք, երբ ևս մեկ հայ բալիկ իր` դեռ չձևավորված ձեռագրով սկսում է ծուռտիկ-մուռտիկ նկարել Ա տառի մասնիկները:


էլի՜ հույզերի գիրկն ընկա. ներեցե՛ք:


Հիմա անցնենք այս նամակի բուն թեմային: Ես շատ լավ եմ հիշում, թե ինչքան են փորձել ոչնչացնել ինձ, և թե ինչ հալածանքների եմ ենթարկվել ես: Մեր մեջ ասած` ինձ հալածող ժողովուրդների ու պետությունների մեծ մասը հիմա անգամ չկա, գոյություն չունի, բայց այսքանից հետո էլ` հիմա՝ 2022 թվականին, ես, միևնույնն է, վտանգված եմ:


Սիրելի՛ հայ, ես վտանգվում եմ ամեն օր, երբ դու, թողած իմ տառերը, հայերեն ես գրում այլ՝ ինչ-որ օտարածին տառերով. սա խորը վիրավորանք է իմ և մասնավորապես իմ տառերի հանդեպ:


Ես և իմ տառերը երկար ճանապարհ ենք անցել. այսօր մենք հասել ենք հայերի ամենանոր սերունդներին, մենք ճանաչել ենք նրանց տատերին, պապերին, նախապապերին և նախատատերին: Նրանք հայերեն էին խոսում անգամ այն ժամանակ, երբ դրա համար նրանց հալածում էին, իսկ այժմ քեզ ոչինչ չի խանգարում` խոսելու հայերեն, բայց դու գործածում ես բառեր, արտահայտություններ, որոնք իմը չեն, օտար են ու կողք կողքի չեն համապատասխանում իմ բառերին ու հնչյուններին:


Իմ մյուս ցավը ճակատագրի բերումով Հայաստանից դուրս ապրող փոքրիկ հայերն են: Նրանց համար ես խորթ եմ այնպես, ինչպես օտար լեզուն. նրանք չեն ճանաչում ինձ, երբ լսում են, նրանք չեն ճանաչում իմ տառերը, և նրանց համար ես անհասկանալի եմ:


Այսօր իմ կոչը, իմ խնդրանքը քեզ ինձ պահպանելն է: Ես և Հայաստանը փոխկապակցված ենք. քանի նա կա, կամ և ես, և քանի կանգուն եմ ես, կա նաև նա: Դու չես կարող սիրել Հայաստանը ու չպահպանել ինձ, արհամարհել ինձ, մոռանալ ինձ…


Այսօր ես խնդրում եմ, որ խոսես հայերեն, մտածես հայերեն, ստեղծես հայկականը, մնա՛ս հայ` ուր էլ որ լինես և ինչ էլ որ անես:


Ես միշտ քեզ հետ եմ և քո հայ էության պահապանն եմ ու երաշխավորը:


Քո՝ հնամյա ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ:


 Հ.Գ. Կարող ես ինձ պատասխան նամակ գրել: Այն անպայման կհասնի ինձ, բայց տառասխալ չանես. այստեղ ինչ-որ մեկը դա շա՜տ ծանր է տանում:

decore
Այլ Բլոգ
19.2.2026
ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ
Իմանալ ավելին
13.2.2026
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ
Իմանալ ավելին
13.2.2026
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
Իմանալ ավելին
09.2.2026
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐ
Իմանալ ավելին