Սփյուռքի դպրոցների ծրագիր․ «Հայերեն փոքրերի համար»
Դասընթացը նախատեսված է 6-10 տարիքային խմբի երեխաների համար, ուսուցանվող նյութերն ընտրված են հեշտից բարդ սկզբունքով՝ ապահովելով տարբերակված ուսուցում և երեխայակենտրոն մոտեցում։
Դասընթացի շրջանակում ուսուցանվում են հայերենի հնչյուններն ու տառերը, ինչպես նաև մշակվում են կարդալու և գրելու սկզբնական կարողությունները։ Հնչյունների ու տառերի ուսուցմանը հաջորդում է բառերը կարդալու և գրելու ուսուցումը, հետագայում՝ բառակապակցությունների, այնուհետև՝ կապակցված նյութերի(նախադասություն-պատմություն) ընթերցման ուսուցումը։ Տառուսուցման շղթան այնպես է ընտրված, որ երեխան ինչքան հնարավոր է շուտ սկսի կիրառել սովորած տառերը՝ կազմելով բառեր, հետագայում նաև բառակապակցություններ։ Արդյունքում՝ ուսուցանվում են առավել գործածական այն տառերը, որոնց բոլոր կիրառություններում պահպանվում է դրանց այբբենական հնչյունը։Տառուսուցման ժամանակ բանավոր խոսքի զարգացման համար տրված են թեմատիկ նկարներ, որոնք հագեցած են ուսուցանվող հնչյուն-տառ պարունակող առարկաների պատկերներով, նկարելուկներով։ Այդ ժամանակ երեխան սովորում է կարդալ մի քանի բառ(բառաշարքեր), բառակապակցություն, նաև փոքրիկ տեքստեր։
Գրուսուցման ժամանակ ցուցադրվում են տվյալ տառի մեծատառի և փոքրատառի գրաֆիկական ճշգրիտ տեսքերը։
Այնուհետև կատարվում է տառապատկերի ձևի վերլուծություն՝ բաղադրիչ մասնիկների առանձնացում, որի միջոցով առավել դյուրին է դառնում թե՛տառապատկերի ստացումը և թե՛ գրուսուցման շղթայի ամրակայումը։
Գրաճանաչությանը զուգահեռ իրականացվում է նաև հեքիաթների, պատմվածքների, բանաստեղծությունների ունկնդրում և հարցերի օգնությամբ բանավոր վերլուծություն և վերարտադրում։
Դասընթացի ընթացքում ուսուցանվում են նաև լեզվական-քերականական նախագիտելիքներ․ խոսքից նախադասության անջատում, ինքնուրույն նախադասությունների կազմում։


«Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ունակությամբ, արժանի է դափնեպսակի…»:
Տարրական դասարանների ուսուցիչ:
17 տարվա մանկավարժական փորձ Հայաստանի լավագույն կրթօջախներում։
Ներկայումս աշխատում է «Քվանտ» վարժարանում։
Նախագծի մասին
Իմ սաները 6-10 տարեկան երեխաներն են:
Երեխաներին ուսուցանելն ու դաստիարակելը իմ կյանքի կարևոր մասն է: Ես ինքս մայր եմ և հիանալի հասկանում եմ, թե որքան դժվար է գտնել ուսուցիչ, որը մասնագիտացված կլինի իր ոլորտում և կուրախացնի երեխային: Հետևաբար, ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի իմ մասնագիտական հմտությունները, նվիրվածությունն ու բարի վերաբերմունքը երեխային տրամադրեն ինձ ոչ միայն որպես ուսուցչի, այլև՝ որպես ընկերոջ:
Ես փորձում եմ յուրաքանչյուր աշակերտի հետ հաղորդակցվել անհատապես և իմ ուսուցման ոճը հարմարեցնել նրան: Իմ նպատակն է յուրաքանչյուր դասը դարձնել հետաքրքիր, ինտերակտիվ և ուսուցողական:
Ուղերձ ուսանողներին
Որակյալ կրթությունն ուժեղ և կայուն պետություն կառուցելու հենասյունն է: Մեզանից յուրաքանչյուրի նպատակն է այս հետաքրքիր ու պատասխանատու գործի իրագործմանը նվիրվել մեծ ուժով ու եռանդով:
Յուրաքանչյուր օր չդադարենք երազել, տեսնել բարին ու գեղեցիկը, ուրախանանք մեր հաջողություններով և հաղթահարենք ցանկացած դժվարություն:
Ինչու՞ պետք է ընտրել M.A.M
M.A.M-ը կրթական հարթակ է, որը ձեզ կօգնի տեսնել բարին ու գեղեցիկը, կօգնի միշտ երազել, հաղթահարել դժվարությունները և ուրախանալ սեփական հաջողություններով:
Միացի՛ր մեր թիմին…