Երևակայության զարգացում
Արվեստի լավագույն ստեղծագործություններն ու գիտական հայտնագործությունները չէին լինի, եթե բնության կողմից մեզ տրված չլիներ երևակայությունը։
M.A.M educational movement-ի նոր ծրագիրն ուղղված է հենց այս կարևոր հոգեկան գործընթացի զարգացմանը։
Ծրագրի նպատակն է՝ խթանել երեխաների ստեղծագործական մտքի զարգացումը, նպաստել վարքի ճկունության ու բարդ իրավիճակներից ելքեր գտնելու կարողության ձևավորմանը։
Այս նպատակի իրականացման համար որպես մեթոդ ընտրել ենք հեքիաթաթերապիան։
Հանդիպումների ընթացքում աշխատելու ենք ինչպես ժողովրդական, այնպես էլ հատուկ ընտրված հեղինակային հեքիաթների հետ, որոնք օգնելու են երեխաներին զուգահեռներ տեսնել հեքիաթների բարի, ուժեղ, հնարամիտ, ստեղծագործ ու համառ հերոսների և իրենց միջև։ Բացի հեքիաթների ընթերցումից և քննարկումից, ծրագրում ներառված են նաև երևակայության զարգացումը խթանող խաղեր և վարժություններ, արտ-թերապևտիկ տեխնիկաներ։
Ծրագրին մասնակցելով՝
● երեխայի մոտ կխթանվի հեքիաթների հանդեպ սերն ու հետաքրքրությունը
● կզարգանա բարդ իրավիճակներում հնարամիտ լուծումներ գտնելու կարողությունը, վարքի ճկունությունը
● երեխան կսովորի և կկարողանա հետագայում կիրառել երևակայության զարգացմանն ուղղված մի շարք հնարքներ,
● կսովորի ազատ ինքնաարտահայտվել, կիսվել իր՝ ոչ ստանդարտ մտքերով
*Ծրագրի ավարտին ծնողներն ըստ ցանկության կստանան իրենց երեխայի համառոտ բնութագիրը, որը հիմնված կլինի հոգեբանի ընթացիկ դիտարկումների վրա։
«Առողջ պտուղներ վայելելու համար անհրաժեշտ է արմատները ջրել»։
M.A.M կրթական շարժման հոգեբան-խորհրդատու։
Զարգացման հոգեբանության մագիստրոս, 9 տարվա աշխատանքային փորձ գործնական (պրակտիկ) հոգեբանության ոլորտում, որից 5-ը՝ որպես կրթության հոգեբան։
Անհատական հոգեբանական խորհրդատվություն է տրամադրում երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին, ունի ուսուցիչների և ծնողների հետ անհատական և խմբային աշխատանքների մեծ փորձ։
Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հոգեբան։
Անցնում է Վերլուծական հոգեբանության միջազգային ասոցիացիայի եռամյա վերապատրաստման ծրագիր՝ Յունգյան վերլուծողի որակավորում ստանալու նպատակով։ (IAAP Router Training)։
Նախագծի մասին
Սփյուռքում մեծացող երեխաներին որակյալ կրթության տրամադրումը, հայրենիքի հետ կապերի ամրապնդումն ու հայկական ինքնության պահպանումը կարևոր են առավել, քան երբևէ։ Նախագծի հիմնադիրները նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէին կարողանա թաքցնել այն ողջ հավատն ու ոգևորությունը, որ ունեին դեռ նոր-նոր հասունացող ծրագրի նկատմամբ, ու դա վարակիչ էր։ Կար մեծ ցանկություն մաս կազմելու այնպիսի նախագծի, որը, վստահաբար, խորը արմատներ ու փարթամ ճյուղեր է ձգելու ողջ Հայաստանում և Սփյուռքում։
Ուղերձ ուսանողներին
Ամրապնդե՛ք հայ մնալու ձեր որոշումը այս նախագծի հետ։ Դասընթացների գլխավոր առաքելությունն է՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ Սփյուռքում ապրող երեխաների հայկական ինքնության ձևավորման և պահպանման համար։ Դրան հասնելու ուղիներն են կրթությունը, ինքնաճանաչումն ու հայրենաճանաչումը։ Դժվար է նույնականանալ մի բանի հետ, որը քեզ ծանոթ ու սրտամոտ չէ։ Մենք ուզում ենք ծանոթացնել երեխաներին հայկականի հետ և հուզական կապ ստեղծել։
Ինչու՞ M.A.M
Դասընթացները ձևավորվել են մի քանի ամիսների ընթացքում, ձևաչափն ու բովանդակությունը կազմվել են՝ հաշվի առնելով երեխաների տարիքային, հոգեբանական և մշակութային առանձնահատկությունները։ Ոչ մի տեքստ, խաղ, վարժություն պատահական չի ընտրվել։ Ծրագիրը նախագծող ուսուցիչներն ունեն մանկավարժական հարուստ փորձ և յուրօրինակ մոտեցում, ինչը թույլ է տվել ստանալ կենդանի, դինամիկ դասեր։ Մեր մոտեցումը խիստ ակադեմիական չէ, այլ բխում է երեխաների հետ անմիջական աշխատանքի փորձից։ Ունենալով, օրինակ, տառուսուցման հստակ մեթոդաբանություն մենք նաև ազատություն ենք տալիս մասնագետներին՝ ստեղծագործելու և հետաքրքիր փորձարկումներ անելու՝ ելնելով իրենց անհատական ոճից և մանկավարժական մոտեցումներից։